Նոր տեխնոկրատները՝ պուտինյան հասուն քաղաքական վարչակարգի հիմք
Պուտինի ազդեցիկ նշանակյալների հրաժարականներից հետո նրանց փոխարինում են տեխնիկական անձինք, որ նախորդներին համարժեք չեն քաղաքական կշռով: 2014-2015-ի ճգնաժամերը նշանակալից ազդեցություն ունեցան Պուտինի կադրային քաղաքականության վրա: Մխրճվելով խոշոր աշխարհաքաղաքական հարցերի լուծման մեջ, նախագահը սկսեց սառը վերաբերվել տեղական կառավարման մարտահրավերներին: ՈՒկրաինայի ու Սիրիայի համապատկերում սուր պահանջ դարձավ կտրուկ նվազեցնել կառավարման ծախսերը երկրի ներսում՝ ուժերը, ժամանակը, ռեսուրսները խնայելու համար: Կառավարման նախկին մոդելը՝ զինակիցների հետ, չափազանց շատ ուշադրություն էր պահանջում տարակարծությունները հարթելու համար, խլում էր մեծ էներգիա քննարկումների ու որոշումների ընդունման համար, իսկ որոշումներն ավելի դժվար էին տրվում: Նախագահը գործում էր սուբյեկտ-սուբյեկտային հարաբերությունների շրջանակներում նրանց հետ, ովքեր նույնպես հավակնում էին ոչ պաշտոնական խորհրդականների դերին: Աշխարհաքաղաքական ճգնաժամի պատճառով նա մերձավորների հետ սկսեց ավելի քիչ հանդիպել, փոխարենը հատուկ ծառայությունների հետ շփումները ամենօրյա դարձան: Ձևավորվեց որոշումների քննարկման նոր մոդել՝ ուղղահայաց, շատ ավելի հարմարավետ նախագահի համար, իսկ նախագահի մերձավոր շրջապատը համալրվեց ոչ թե զինակիցներով, այլ նրանց փոխարինող կատարողներով, որ ավելորդ հարցեր չեն տալիս ու քննարկումներ չեն սարքում: Փոխվում է հոգեբանությունը՝ Պուտինի ու նրա ենթակաների միջև այլևս միասին անցկացրած, հաճախ հավասար իրավունքներով, տասնյակ տարիներ ու հուզական կապեր չկան: Պուտինը իրեն է մերձեցնում նրանց, որ իրեն ծառայում են, և հեռանում է նրանցից, որ իրենց ռեսուրսների հաշվին հավակնում են համատեղ կառավարման:
Նախագահն այլևս խորհուրդների կարիք չունի, նա կարիք ունի տեղեկատվության և այն մարդկանց, ում առանց էներգիա ծախսելու կարող է հրամաններ տալ: Այս գործընթացը դիտարկվում է իշխանության ամբողջ ուղղահայացում և նույնիսկ մերձիշխանական կառույցներում: Արտաքին տնտեսական բանկում Վլադիմիր Դմիտրիևին փոխարինեց Խնայբանկի երիտասարդ մենեջեր Սերգեյ Գորկովը, որ պետք է կատարեր բանկի ցավոտ զտում: Ավելի վաղ քաղաքական ծանրքաշային Վլադիմիր Յակունինին «Ռուսական երկաթուղիներում» փոխարինեց տրանսպորտի փոխնախարար Օլեգ Բելոզյորովը: Նույնիսկ ՊԴԾ-ում ու նախագահի անվտանգության ծառայությունում պահանջարկված են անձինք, որ անձնապես հեռու են Պուտինից: Կարևորագույն պաշտոններում նշանակվեցին երիտասարդ գնդապետներ (ճիշտ է՝ արագ ստանալով գեներալի կոչում) Դմիտրի Կոչնևը՝ ՊԴԾ-ի ղեկավար, Օլեգ Կլեմենտևը՝ ՊԴԾ-ի ղեկավարի առաջին տեղակալ, Ալեքսեյ Ռուբեժնոյը՝ նախագահի անվտանգության ծառայության պետ: Իսկ նախագահի աշխատակազմի նոր ղեկավար Սերգեյ Իվանովի փոխարեն դարձավ նրա տեղակալը՝ չերևացող երիտասարդ Անտոն Վայնոն, որ առաջ արարողակարգի պետն էր:
Տեխնիկական անձանց մուտքին նպաստում է պաշտոնական պաշտոնների քաղաքական արժեզրկումը: Հեղինակություն վայելող գործարար լսարանին լավ հայտնի Ալեքսեյ ՈՒլյուկաևի ձերբակալությունից հետո հեշտ չէր նրան փոխարինող գտնել՝ կառավարությունը կամ պետք է նշանակալից չափով ընդլայներ նախարարության գործառնությունները՝ պաշտոնը գրավիչ դարձնելով ծանրքաշայինների համար, որ հեշտ չէր, կամ որոնել ակնհայտորեն ավելի թույլ մենեջերի: Ավելի հեշտ էր գնալ երկրորդ ճանապարհով՝ ՈՒլյուկաևին հաջորդեց միայն նեղ մասնագետներին հայտնի ֆինանսների փոխնախարար, 34-ամյա Մաքսիմ Օրեշկինը:
Քաղաքականներին տեխնոկրատներով փոխարինելու գործընթացում առանձին թղթապանակ է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Վոլոդինի հրաժարականը, որ գնաց Պետդումայի նախագահ: Նրա պաշտոնում հայտնվեց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար, ելցինյան դարաշրջանի բարեփոխիչ Սերգեյ Կիրիենկոն: Այս կադրային ռոտացիան բացառիկ է և առաջին հայացքից չի տեղավորվում վերջին միտումներում: Փորձառու և ազդեցիկ Սերգեյ Կիրիենկոյին դժվար է անվանել տեխնիկական անձ, հատկապես նրա քաղաքական փորձը հաշվի առնելով (ակտիվ կուսակցական գործունեություն 90-ականների վերջին, աշխատանք Աջ ուժերի դաշինքում, ելցինյան լիբերալների հետ մտերմություն), և նրա ընտելացումը պուտինյան վարչակարգին: Իսկ Վյաչեսլավ Վոլոդինը, հակառակ տրենդների, սկսեց վիթխարի աշխատանք խորհրդարանի ստորին պալատը քաղաքականացնելու, Պետդումայի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ: Սակայն, չնայած թվացյալ բացառությանը, երկու կադրային որոշումներն էլ ավելի շուտ հաստատում են նշված միտումները: Սերգեյ Կիրիենկոն, իր ամբողջ արտահայտված քաղաքական բեկգրաունդով, վերջին տարիներին ելցինյան դարաշրջանի քաղաքական գործչից վերածվել է պուտինյան վարչակարգի նշանակալից մենեջերներից մեկի, որ կարողանում է աշխատել և ուժայինների, և նախագահի շրջապատի ազդեցիկ խմբերի հետ (օրինակ՝ Յուրի Կովալչուկի): Կրեմլ նրան հրավիրել են ոչ իբրև Աջ ուժերի դաշինքի նախկին նախագահ, այլ պետական կորպորացայի հաջողակ կառավարիչ: Նրա աշխատանքի ընդգծված ոճն է աշխատակազմի աշխատանքի բոլոր ուղղություններով նվազեցնել կոնֆլիկտայնությունը՝ հարաբերությունները նահանգապետերի, քաղաքացիական հասարակության, փորձագետների, «առաջադիմական դասի հետ»:
Եթե Վոլոդինի նախաձեռնությամբ ստեղծված Համառուսական ժողովրդական ճակատը որոշակի իմաստով հակադրում էր իրեն բյուրոկրատիային, նահանգապետերի փաղանգին, իշխանության կուսակցությանը, իշխանական ռեսուրսների համար մրցակցություն հրահրելով, Կիրիենկոն փոխում է հակադրության մոդելը կոոպերացիայի, որ նվազեցնում է կառավարման ու քաղաքական վնասները ներքին քաղաքականության ղեկավարման համակարգում: Նա վարում է ներքին քաղաքականության վարչության աշխատանքները ապաքաղաքականացնելու կուրս, հեռանում է պահպանողական ու պաշտպանիչ հռետորաբանությունից: Վոլոդինը, հակառակը, քաղաքականացնում է խորհրդարանի աշխատանքը: Ստանձնելով նոր պաշտոնը, նա անմիջապես սկսեց ակտիվ փոխել ոչ միայն աշխատաոճը, այլև Պետդումայի աշխատանքի մեխանիզմները: Համարվում էր, որ խորհրդարանը պետք է հեռանա իր «կատաղած տպիչի» և «բանավեճերի տեղ չէ»-ի նախկին բնորոշումից: Օրենսդիր աշխատանքի որակը բարձրացնելու նպատակով վերականգնվեց խորհրդարանի փորձագիտական աշխատանքը, ներմուծվեցին օրինագծերի առավել մանրակրկիտ փորձաքննության մեխանիզմներ: Պետդումայի աշխատակազմի բարեփոխում անցկացվեց, բարձրացվեցին նախարարների որոշումներին ներկայացվող պահանջները: Վոլոդինի հետ քաղաքականությունը նոր մակարդակի բարձրացավ խորհրդարանում, որ, սակայն, պահպանում է գործիքի դերը պետական ու քաղաքական որոշումների ընդունման համակարգում: Ստացվում է սահմանագծում՝ գործադիր ուղղահայացի ներսից քաղաքականությունը դուրս է մղվում, իսկ նրա սահմաններից դուրս թույլատրվում է:
Տեխնոկրատացումը դիտվում է և ռուսական նահանգների մակարդակում: 2017-ի սկզբին վերադասավորումների մեծ ալիքը ցույց տվեց, որ պահանջարկված են ոչ քաղաքական դեմքերը, այլ չեզոք բյուրոկրատները: Պերմի նահանգապետ, օրինակ, դարձավ Մոսկվայի դեպարտամենտներից մեկի պետ Մաքսիմ Ռեշետնիկովը: Բուրիաթիայի նահանգապետ Վյաչեսլավ Նագովիցինին փոխարինեց տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Ցիդենովը: Նովգորոդի նահանգապետ Սերգեյ Միտինին փոխարինեց Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ղեկավար, երիտասարդ Անդրեյ Նիկիտինը: Իսկ Կարելիայի ղեկավար՝ սկանդալային ու կոնֆլիկտային Ալեքսանդր Խուդիլայնենի փոխարեն նշանակվեց Դատական դաշնային ծառայության պետ, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի համակուրսեցի Լենինգրադի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետից, Արթուր Պարֆենչիկովը:
Եթե անցած տարիներին նահանգապետեր էին դառնում պետական խոշոր կորպորացիաների ղեկավարները կամ Պուտինի մերձավոր շրջապատի մարդիկ, հիմա լավագույն դեպքում իրենք նահանգապետերն են հուշում, ում խորհուրդներին Կրեմլում լսում են: Ռյազանի նահանգապետ Օլեգ Կովալյովի փոխարեն դարձավ Պետդումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Լյուբիմովը, որ մի քանի տարի աշխատել էր Կալուգայի նահանգում և առաջարկվեց պաշտոնում նահանգապետ Ալեքսանդր Արտամոնովի թեթև ձեռքով: Փաստացի՝ պահանջարկված են անձինք, որ չունեն հրապարակային քաղաքականության փորձ, լուրջ ինքնուրույն քաղաքական-վարչական կշիռ: Նահանգապետերի փաղանգը ապաքաղաքականացվում է, բայց միաժամանակ մեծանում է նահանգապետերի սոցիալական-քաղաքական պատասխանատվությունը՝ իշխանության համակարգում նրանց կարգավիճակի նվազումով:
Տատյանա ՍՏԱՆՈՎԱՅԱ, Carnegie Moscow Center
Հ.Գ. Դժվար է ասել, թե իսկապես ինչ ընթացք կունենա պուտինյան էլիտաների ու պետական համակարգի տրանսֆորմացիան նախագահական նոր ժամկետում: Փոխվում են ոչ միայն մարդիկ, այլև՝ իրավիճակները: Պատժամիջոցների ու տնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարել Ռուսաստանի հսկայական տարածքը և կառավարել արդյունավետ՝ լավագույն պայմաններում իսկ դժվար է: Բոլոր դեպքերում փոփոխություններն անխուսափելի են, հարցը մեկն է՝ բովանդակայի՞ն, թե՞ իրավիճակային լուծումներ են տրվելու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ